Կամբոջայի արտաքին գործերի նախարարությունը Թաիլանդի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները և հետ քաշել զորքերը սահմանի իրենց կողմը։ Այս մասին հայտնել է «Khmer Times» թերթը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը։
«Կամբոջան կոչ է անում Թաիլանդին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետ քաշել զորքերը սահմանի իր կողմը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», — ասվում է հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն հարևան պետության գործողություններն անվանել է «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրությամր ու ԱՍԵԱՆ-ի Կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքների բացահայտ և լուրջ խախտում»։
Գործակալությունը վերահաստատել է Փնոմպենի «երկխոսությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը» հանձնառությունը՝ ընդգծելով, որ այն ունի ինքնապաշտպանության իրավունք։
Ինչպես հաղորդում է «Khmer Times»-ը՝ հղում անելով Կամբոջայի Ազգային պաշտպանության նախարարությանը, զինված ուժերը հակահարձակում են սկսել Թաիլանդի զորքերի դեմ այն բանից հետո, երբ հինգշաբթի վաղ առավոտյան երկու երկրների սահմանին միջադեպ է տեղի ունեցել։ Թերթը նշում է, որ բախումները սկսվել են մոտ 07:30-ին՝ Օդդար-Միենչեյ նահանգի վիճահարույց սահմանային գոտու մոտ և հնարավոր է, որ կիրառվել են ծանր սպառազինություններ։ Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ կործանիչներ են կիրառել՝ կամբոջական ուժերի դիրքերին հարվածելու համար։




























