Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հատել է Հնդկաստանի կառավարության ղեկավարի 4078 օրվա սահմանը՝ գերազանցելով Ինդիրա Գանդիի (1917-1984) ռեկորդը, որը երկրի վարչապետն էր 4077 օր անընդմեջ՝ 1966 թվականի հունվարի 24-ից մինչև 1977 թվականի մարտի 24-ը: Այս մասին հաղորդել է NDTV-ն:
Այս նվաճմամբ Մոդին դարձել է անկախ Հնդկաստանի պատմության մեջ երկրորդ ամենաերկար ծառայող վարչապետը՝ զիջելով միայն երկրի առաջին կառավարության ղեկավար Ջավահարլալ Ներուին:
Մոդին անկախությունից հետո ծնված առաջին և միակ վարչապետն է: Նա նաև Հնդկաստանի միակ վարչապետն է, բացի Ջավահարլալ Ներուից, որը հաղթել է երեք անընդմեջ ընտրություններում՝ որպես քաղաքական կուսակցության առաջնորդ, և առաջին գործող կառավարության ղեկավարը 1971 թվականից ի վեր, որը վերադարձել է իշխանության՝ ունենալով լիարժեք մեծամասնություն: Ավելի վաղ Մոդին հավասարվել էր Նեհրուին՝ իր կուսակցությունը հաղթանակ տանելով Լոկ Սաբհայի (խորհրդարանի ստորին պալատ) երեք անընդմեջ ընտրություններում։
Նարենդրա Մոդին ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 17-ին Բոմբեյ նահանգի Վադնագար քաղաքում (1960 թվականից՝ Գուջարաթ նահանգ, Հնդկաստան): 2014 թվականից Մոդին զբաղեցնում է Հնդկաստանի վարչապետի պաշտոնը: Իշխանության գալուց ի վեր երկիրը մեկնարկել է «Արտադրիր Հնդկաստանում» տնտեսական արդիականացման ծրագիրը, որն ուղղված էր ներդրումներ ներգրավելուն, և իրականացվել են դրամավարկային և հարկային բարեփոխումներ: 2019 թվականին նրան հաջողվել է խորհրդարանում անցկացնել Ջամմու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը չեղյալ համարելու մասին օրենք, որը ամրագրված էր 1950 թվականի սահմանադրությամբ:





























