Ռուսաստանի վեց մարզեր ընդգրկվել են դպրոցական չաթերը Max մեսենջերի վրա տեղափոխելու փորձնական ծրագրում։ «Կոմերսանտ Վոլգա-Ուրալի աղբյուրի փոխանցմամբ՝ «Սֆերում» հարթակը կփորձարկվի Թաթարստանի, Մարի Էլի և Ալթայի Հանրապետություններում, ինչպես նաև Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Վլադիմիրի և Տվերի մարզերում։

Թաթարստանում սեպտեմբերի 1-ից նախատեսվում է բոլոր դպրոցական չաթերը տեղափոխել ռուսական մեսենջեր, իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի երեք փուլով։

Դպրոցական հաղորդակցությունը ռուսական մեսենջերի վրա տեղափոխվում է «Սֆերում» հարթակի՝ Max մեսենջերի հետ ինտեգրման ֆոնին։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարությունը VK ընկերության հետ համատեղ աշխատում է նոր ուսումնական տարվա սկզբին ինտեգրումն իրականացնելու ուղղությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս ընթացիկ տարվա հունիսին ստորագրել է ազգային մեսենջեր ստեղծելու մասին օրենքը, իսկ արդեն հուլիսի սկզբին կառավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ ազգային մեսենջերը զարգացնելու համար։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, խոսքը նոր՝ Max մեսենջերի մասին է։

«Սֆերումը» ռուսական կրթական հարթակ է, որը մշակվել է VK և «Ռոստելեկոմ» ընկերությունների կողմից։ Այն թվային տարածք է ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար, որը նախատեսված է ուսումնական գործընթացի կազմակերպման և դպրոցի շրջանակներում շփման համար։ «Սֆերումի» և VK մեսենջերի դպրոցական չաթերը նախատեսվում է փակել՝ հետագայում Max տեղափոխելու համար։