Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և Ուկրաինան կարող են միանալ Եվրամիության IRIS2 պաշտպանված արբանյակային ցանցին, որը նախատեսված է որպես ամերիկյան Starlink-ի այլընտրանք։ Այս մասին Euractiv պորտալին հայտնել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։
«Ես դեմ չէի լինի», - ասել է նա՝ պատասխանելով եվրոպական ծրագրին ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հնարավոր միացման մասին հարցին։ Պորտալը նշում է, որ Նորվեգիան արդեն իսկ քննարկումներ է սկսել ցանցին միանալու վերաբերյալ՝ հետևելով Իսլանդիային, որը հայտարարել է Եվրահանձնաժողովի հետ այդ թեմայով բանակցությունների ավարտի մասին։ Լոնդոնից և Կիևից պաշտոնական առաջարկներ դեռ չեն ստացվել։
«IRIS2» ծրագիրը մրցակցում է ամերիկացի գործարար Իլոն Մասկի «SpaceX» ընկերության հետ։ Ինչպես հիշեցնում է Euractiv-ը, զինված հակամարտության ընթացքում Ուկրաինան էականորեն հենվել է ամերիկյան ընկերության հեռահաղորդակցական ծառայությունների վրա, ինչի պատճառով Եվրոպայում «մտահոգություն է առաջացել տիեզերական հեռահաղորդակցության շուկայում Starlink-ի գերիշխանության մակարդակի վերաբերյալ»։
«IRIS2»-ը նախատեսվում է գործարկել 2030 թվականից հետո։ 10,6 միլիարդ եվրո արժողությամբ այս ծրագիրը կներառի մոտ 280 արբանյակ։





























