Ըստ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Դարյուս Բուտայի՝ «Այսօր առավոտյան բնակիչներից հաղորդագրություններ են ստացվել անօդաչու թռչող սարքի (դրոնի) մասին, որն ամենայն հավանականությամբ Բելառուսից է մուտք գործել Լիտվայի տարածք։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ դրոնը նկատվել է մոտ 200 մետր բարձրության վրա և վերջին անգամ տեսել են Վիլնյուսից ոչ հեռու»։
LRT ռադիոյին տված հարցազրույցում նա ասել է, որ «ներկայումս հավաստի տեղեկություն չկա այդ օբյեկտից եկող սպառնալիքի մասին»։
«Մենք փորձում ենք պարզել, թե որտեղ է գտնվում դրոնը և ուր կարող էր այն ընկնել», - ավելացրել է Բուտան։
Պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն LRT-ին հայտնել է. «Այսօր եղանակը բարենպաստ է օդերևութաբանական «փուչիկների» համար, որոնք մաքսանենգներն օգտագործում են իրենց բեռները տեղափոխելու համար։ Մենք դեռ չենք կարող ճշգրիտ պարզել, թե ինչ օբյեկտ կամ օբյեկտներ են դրանք»։
Ականատեսները սոցցանցերում գրում են, որ Լիտվայում թռչող դրոնը նկատել են առավոտյան ժամը հինգից քիչ առաջ։
Հուլիսի 10-ին Լիտվայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի օդային տարածք է ներխուժել «Shahed» տիպի անօդաչու թռչող սարք, որը Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ավելի ուշ պարզվել է, որ Լիտվայի սահմանը հատել է «Gerbera» անօդաչու նմանակող սարքը, որը վտանգ չի ներկայացրել։




























