Սաուդյան Արաբիան կարող է կարգավորել իր հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն դա կլինի միայն Պաղեստինյան պետություն ստեղծելուց հետո։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը՝ հայտնում է Bloomberg-ը։

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանն ասել է, որ «Սաուդյան Արաբիայի Թագավորության համար Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Պաղեստինյան պետություն ստեղծելու միջոցով»։

Նա հավելել է, որ այս դիրքորոշումը մնում է անփոփոխ և հիմնված է այն ամուր համոզմունքի վրա, որ «միայն պաղեստինյան պետություն ստեղծելու և միայն պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքները ճանաչելու միջոցով մենք կարող ենք հասնել կայուն խաղաղության և  տարածաշրջանային իրական ինտեգրման»։

Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Սաուդյան Արաբիան պետք է միանա Աբրահամյան համաձայնագրերին։

Խոսքը արաբական պետությունների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ մի շարք համաձայնագրերի մասին է, որոնք ձեռք են բերվել Թրամփի առաջին վարչակազմի միջնորդությամբ։

Իր հերթին, Սաուդյան Արաբիան բազմիցս վերահաստատել է թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի պահանջը, որ հարաբերությունների կարգավորման ցանկացած համաձայնագրի շրջանակներում հիմք պետք է հանդիսանա անկախ Պաղեստինյան պետության ստեղծումը։

Ինչպես պարզաբանում է պարբերականը՝ Գազայի հատվածում ներկայիս հումանիտար ճգնաժամը քար է նմանատիպ համաձայնագրի ձեռքբերման ճանապարհին, քանի որ քաղցը ցնցում է ավերված պաղեստինյան անկլավը։

«Անիմաստ է խոսել նորմալացման մասին, երբ Գազայում մարդիկ մշտապես մահանում են, տառապում և ավերածություններ են տեղի ունենում», - հայտարարել է Բին Ֆարհանը։