Ֆրանսիական հանգստավայրերից մեկը տուգանք է սահմանել այն մարդկանց համար, որոնք, բացառությամբ լողափի, ցանկացած վայրում կբռնվեն մորեմերկ կամ լողազգեստով շրջելիս, հաղորդում է CNN-ը։
Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս, Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետ Յանիկ Մորոն։
Մորոն քննադատել է նման «անպարկեշտ վարքագիծը», հատկապես կիսամերկ տղամարդ զբոսաշրջիկների առումով։
«Դա հարգանքի հարց է տեղացիների նկատմամբ, ովքեր չեն ուզում, որ մարդիկ իրենց քաղաքում կիսամերկ շրջեն, - գրել է նա։ -Դա նաև մեր շուկաներում, մեր խանութներում և մեր փողոցներում տարրական հիգիենայի կանոն է»։
Նա տեղական ոստիկանությանը կոչ է արել պահպանել կանոնը։ «Եթե ուզում եք ցուցադրել ձեր կրծքամկանները և լողի լավագույն շորտերը, Լե Սաբլ դ'Օլոննն ունի 11 կիլոմետր լողափ»,- նշել է նա։
Մորոն գրառմանը կցել էր տուգանքի մասին հայտարարող պաստառի պատկերը, ինչպես նաև հետևյալ կարգախոսը՝ «Լե Սաբլ-դ'Օլոնում հարգանքն արձակուրդի չի գնում»։
Սակայն ոմանք ենթադրում են, որ կան ավելի կարևոր բաներ, որոնց վերաբերյալ պետք է անհանգստանալ, օրինակ, հանցագործության դեմ պայքարը։
Լե Սաբլ-դ'Օլոնը ֆրանսիական մի շարք քաղաքներից վերջինն է, որը միջոցներ է ձեռնարկում անհարգալից վերաբերմունքի դրսևորումների դեմ պայքարելու համար:
Արևմտյան ափի մեկ այլ հայտնի հանգստավայրում՝ Արկաշոնում ևս, իշխանությունները 150 եվրո տուգանք են սահմանել քաղաքում մերկ զբոսնելիս բռնվողների համար։
Երկրի հարավում Լա Գրանդ-Մոտ քաղաքը նույնպես 150 եվրո տուգանք է սահմանել քաղաքի ցանկացած մասում, բացառությամբ լողափի կամ զբոսայգու, անպատշաճ տեսք ունենալու համար։



























