Օգոստոսի 15-ից Ղրղզստանում ուժի մեջ կմտնի միջազգային ինտերնետ-տրաֆիկի մատակարարման և տարանցման ժամանակավոր պետական մենաշնորհ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը։ Փաստաթուղթը տեղադրված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Համաձայն հրամանագրի՝ մենաշնորհը ներդրվում է փորձնական ռեժիմով և մեկ տարի ժամկետով՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 14-ը։ Այս ընթացքում միջազգային տրաֆիկի միակ օպերատորը կդառնա ազգայնացված «ԷլՔաթ» ընկերությունը։ Գործող բոլոր ինտերնետ-պրովայդերները և կապի օպերատորները պարտավոր են երկու ամսվա ընթացքում ընկերությանը փոխանցել միջազգային ինտերնետի իրենց պայմանագրերը։

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ այս միջոցառումներն ուղղված են «թվային վերափոխման կատարելագործմանը» և «միջազգային տվյալների տարանցման ոլորտում գործունեության կարգավորմանը»։ Նախարարների կաբինետին լրացուցիչ կերպով հանձնարարվել է «ԷլՔաթ» ընկերությանը փոխանցել «Աքնեթ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը, որը երկրի խոշորագույն ինտերնետ-պրովայդերներից մեկն է։

Զուգահեռաբար, Ժապարովը ստորագրել է պոռնոգրաֆիկ կայքերի արգելափակման մասին օրենքը։ Դրա նպատակը նշվել է «հասարակության բարոյական և էթիկական արժեքների, ինչպես նաև անհատի հոգևոր-բարոյական առողջության պաշտպանությունը»։ Օրենքում նշվում է, որ պոռնոգրաֆիկ բովանդակության տարածում կհամարվի ինչպես դրա առաջին հայտնվելու պահը ինտերնետի ղրղզական հատվածում, այնպես էլ այն պահը, երբ լիազոր մարմինը տեղեկանում է դրա մասին։ Նման բովանդակությունը հայտնաբերելուց հետո մատակարարները պետք է արգելափակեն կայքի մուտքը մինչև երկու ամիս ժամկետով։ Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսին՝ պաշտոնական հրապարակումից տասը օր անց։

Մենաշնորհ մտցնելու գաղափարը քննարկվել է դեռևս 2024 թվականին։ Այդ ժամանակ իշխանությունները նախատեսել են միջազգային ինտերնետի բացառիկ իրավունքները փոխանցել «Ղրղզտելեկոմ»-ին։ Սակայն Կապի օպերատորների ասոցիացիան (ԿՕԱ) դեմ է է արտահայտվել՝ զգուշացնելով, որ դա կխախտի հակամենաշնորհային օրենսդրությունը և կհանգեցնի վնասների այն ընկերությունների համար, որոնք արդեն ներդրումներ են կատարել միջազգային կապի հարթակում։

Կապի օպերատորների ասոցիացիան (ԿՕԱ) հայտնում է, որ մինչև 2022 թվականը Ղրղզստանում գործել է 340 էլեկտրոնային կապի օպերատոր։ Ասոցիացիայից ընդգծել ե, որ «ազատական մոտեցումը թույլ է տալիս զարգացնել այլընտրանքային երթուղիներ և զսպել սակագների աճը»։ Սակայն այժմ, ըստ ԿՕԱ-ի, այդ այլընտրանքները կանհետանան, իսկ ամբողջ միջազգային տրաֆիկը պետության վերահսկողության տակ կհայտնվի։ Ասոցիացիայից նշում են, որ օգտատերերի համար հետևանքների վերաբերյալ հրապարակային քննարկում և գնահատում չի անցկացվել։