Ամեն տարի հուլիսի 30-ին՝ թարֆիգինքի դեմ պայքարի միջազգային օրը, սկիզբ է դրվում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի իրազեկման աշխատանքներին. մասնավորապես, Հայաստանում իրազեկման աշխատանքները գտնվում են բավականաչափ լուրջ մակարդակի վրա, որովհետև այն կրում է պետական հոգածություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արզուման Հարությունյանը։
«Մենք իրականացնում ենք իրազեկման աշխատանքները շնորհիվ պետության կողմից ֆինանսավորման և գործողությունների ազգային ծրագրի, որտեղ մասնավորապես նշված է, որ իրազեկման աշխատանքները պետք է իրականացվեն ոչ միայն խոցելի խմբերի շրջանում, այլ նաև ընդհանուր երիտասարդության շրջանում, որովհետև նրանք նոր են մտնում կյանքի և աշխատանքային փուլ, և նրանց համար շատ կարևոր է, որպեսզի իմանան այս վտանգների մասին և կարողանան կանխարգելել։
Մասնավորապես, ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում։ Եթե նախկինում թրաֆիքինգը իրականացվում էր կոնտակտային եղանակով, երբ որ մեկը մյուսին հանդիպելով համոզում էր և ենթարկում էր, այսպես կոչված, թրաֆիքինգի, ներկայումս այն տեղափոխվել է ինտերնետ հարթակ, և մարդը, որպես այդպիսին, առանձնացել է ընդհանուր հասարակությունից և իր աշխատանքները փորձում է կազմակերպել ինտերնետ միջավայրում։
Մեր առաջ խնդիր կանգնեց, որ իրազեկման աշխատանքները և կանխարգելումը նույնպես տեղափոխենք ինտերնետ հարթակ։ Եթե նախկինում մարդիկ կարողանում էին համայնքային ձևով իրենց աշխատանքները իրականացնել, մասնավորապես դա վերաբերում էր հավաքագրման փուլին, ապա հիմա մենք աշխատում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր անհատ կարողանա ճիշտ գնահատել իրվիճակը և ինքնանույնացման խնդիրները կարողանա լուծել։ Դրանք շատ պարզ 12 կետեր են, և փորձում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր անձ իմանա այդ 12 կետերը, որի դեպքում ինքը կկարողանա ինքնանույնացնել, որից հետո, եթե ինքը այդ 12 կետերից գոնե երկուսին համապատասխանում է, ապա դիմի համապատասխան մարմիններին, որտեղ արդեն վերջնականապես կնույնացվի և և կկարողանա օգտվել աջակցությունից»,– ընդգծեց նա։
Արզուման Հարությունյանի խոսքով, այս արշավի ընթացքում լրատվամիջոցների միջոցով հատուկ հոլովակներ կհեռարձակվեն, հանդիպումներ կլինեն դպրոցներում, մանկապարտեզներում. «Գործողությունների և ծրագրերի միջոցառումների ցուցակը բավականաչափ մեծ է, մենք այն տեղադրելու ենք մեր ոչ պաշտոնական antitrafficking.am կայքում։ Իմիջիայլոց սա միակ հայալեզու կայքն է, որտեղ ներկայացվում է Հայաստանի անտիթրաֆիկինգ ամբողջ գործունեությունը»։




























