ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել պետական պարտքը 1,2 տրիլիոն դոլարով ավելացնելուն: Օրինագծին դեմ են քվեարկել 239 կոնգրեսականներ, եւ միայն 176-ն են կողմ եղել:
Չնայած ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում քվեարկության նման արդյունքին, վերլուծաբանները համոզված են, որ պետական պարտքը կավելանա 2012թ. հունվարի վերջին: ԱՄՆ Սենատում մեծամասնությունը կազմում են դեմոկրատները, որոնք կսատարեն նախագահին, գրում է Associated Press-ը:
Ավելի վաղ` հունվարի 13-ին, Ամերիկայի առաջնորդ Բարաք Օբաման խնդրել էր կոնգրեսականներին ավելացնել պետության պարտքի չափը: Նախագահի աշխատակազմը կարծում է, որ եթե պետական պարտքն ավելացնեն 1,2 տրիլիոն դոլարով, ապա դա բավական կլինի մինչեւ այս տարվա նոյեմբերի նախագահական ընտրությունները:
ԱՄՆ-ի առաջնորդը մեկ անգամ չէ, որ խնդրում է կառավարության անդամներին ավելացնել պետպարտքի սահմանափակումը: Դեռեւս 2011 թվականի ամռանը Օբաման Կոնգրեսին առաջարկել էր ավելացնել պետության պարտքի չափը, սակայն բանակցություններն այնքան երկարաձգվեցին, որ ԱՄՆ-ին կանգնեցրին տեխնիկական բարդությունների առաջ: Նախագահական աշխատակազմն ու կոնգրեսականները համաձայնության են եկել վերջին պահին, գրում է km.ru-ն:




























