Ամերիկյան Մոնտանա նահանգում ուրբաթ առավոտյան տեղական ժամանակով տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։ NBC News-ի հաղորդմամբ՝ հրաձիգի որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
Անակոնդա-Դիր-Լոջ շրջանի իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալի անունը Մայքլ Փոլ Բրաուն է։ Մոնտանա նահանգի արդարադատության դեպարտամենտի քննչական բաժնի ղեկավար Լի Ջոնսոնի խոսքով՝ 45-ամյա Բրաունը առավոտյան ժամը 10:30-ին մտել է Անակոնդայի բար և կրակ բացել՝ սպանելով չորս մարդու։
Բրաունի որոնողական աշխատանքները շարունակվել են մինչև 12 ժամ։ Ջոնսոնն ասել է, որ իշխանությունները նրան փնտրել են Անակոնդայից արևմուտք ընկած Շթամփթաուն ճանապարհի տարածքում։ Անակոնդան պղնձահալման քաղաք է, որը հիմնադրվել է 1800-ականների վերջին։
Ջոնսոնը նշել է, որ բարում սպանված չորս մարդկանց ինքնությունը պարզվել է, բայց նրանց անունները չեն հրապարակվել։
Ոստիկանությունը դեռ չի հայտնել կրակոցների դրդապատճառը։ Դիր Լոջի շրջանի հարկային հաշվետվությունների համաձայն՝ կասկածյալի անուն-ազգանունով մի տղամարդ հանդիսանում է նաև բարին հարակից գտնվող փոքրիկ տան համասեփականատերը։
Իշխանությունները կոչ են արել որոնողական գոտու բնակիչներին կասկածյալին նկատելու դեպքում զանգահարել 911 և զգուշացրել են մնալ տանը և զգոն լինել։





























