Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) և Չինաստանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) նավերը դուրս են եկել Ճապոնական ծով՝ ռուս-չինական զորավարժությունների գործնական մասն անցկացնելու համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը Վլադիվոստոկից դուրս են եկել Ճապոնական ծով՝ «Ծովային փոխգործակցություն - 2025» համատեղ ռուս-չինական զորավարժության գործնական մասն անցկացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Նավատորմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնելուց առաջ Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր նավամատույցում տեղի է ունեցել նավերի անձնակազմերի ընդհանուր շարահանդես։ Հայրենակիցներին ճանապարհելու էին եկել Պրիմորիեի երկրամասի չինական համայնքի ներկայացուցիչները։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի նվագախումբը կատարել է «Սլավյանկայի հրաժեշտը» քայլերգը։
Պետրոս Մեծի ծոց դուրս գալուց հետո երկու երկրների նավերը ձևավորել են համատեղ ջոկատ, անցկացրել են կապի մարզումներ և համատեղ զորաշարժեր։ Համատեղ ջոկատի կազմում ընդգրկվել են «Ադմիրալ Տրիբուց» մեծ հակասուզանավային նավը և «Գրոմկի» կորվետը, ինչպես նաև «Շաոսին» և «Ուրումչի» էսկադրային ականակիրները։ «Իգոր Բելոուսով» փրկարարական նավը և «Սիհու» սուզանավերի փրկարարական նավը, ինչպես նաև երկու երկրների դիզել-էլեկտրական սուզանավերը զբաղեցրել են փրկարարական խնդիրների մշակման շրջանը։
Ավանդական ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն - 2025» զորավարժությունների ծովային մասի անցկացումը Ճապոնական ծովի ջրային տարածքում նախատեսված է մինչև 2025 թվականի օգոստոսի 5-ը։ Ռուսաստանի ՌԾՆ-ի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ՌԾՈւ-ի զինվորական նավաստիները ծովային ավիացիայի աջակցությամբ կկատարելագործեն ծովում որոնողափրկարարական համատեղ գործողությունները, ինչպես նաև կմշակեն հակասուզանավային խնդիրներ և հակաօդային պաշտպանություն, կանցկացնեն համատեղ հրետանային հրաձգություններ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտական պատրաստության ծովային զորավարժարաններից մեկում։