Երկու գիշեր առաջ Ռումինիայի Կուջիր քաղաքի զինագործարանում ուժեղ հրդեհ է բռնկվել. մեկը մյուսի հետևից պայթել են փամփուշտներով արկղերը, հայտնում է Radio Romania Actualitati-ն։
Ըստ լրատվամիջոցի, վնասը կազմել է ավելի քան 400 000 եվրո։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Հարուցվել է քրեական գործ, հետաքննություն է անցկացնում նաև Դատական փորձաքննությունների ազգային ինստիտուտը։
Տուժածներ չկան, քանի որ հրդեհի պահին գործարանում ոչ ոք չի եղել, սակայն ոչնչացվել է ավտոմատների համար նախատեսված առնվազն 150 000 փամփուշտ, իսկ ևս 250 000-ը, հնարավոր է, այլևս պիտանի չեն օգտագործման համար։
Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Ռադու Միրուցեն, որը շաբաթ օրը եղել է դեպքի վայրում, չի բացառել դիվերսիայի հնարավորությունը։
Ըստ էկոնոմիկայի նախարարի, հրդեհը չի ազդի մատակարարումների վրա, որոնք գործարանը պարտավոր է իրականացնել արդեն կնքված պայմանագրերին համապատասխան։
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել վեց ժամ անց, որի ընթացքում լսվել է մի քանի պայթյուն։
«Կուջիր» գործարանը արտադրում է տարբեր տրամաչափի զենքեր, ավտոմատ և կիսաավտոմատ ատրճանակներ։ Այն հիմնադրվել է 1799 թվականին՝ Հաբսբուրգների կայսրության ժամանակ, «Թուջի գործարան» անվամբ։ 2004 թվականին ձեռնարկությունը բաժանվել է «Կուջիր» մեխանիկական գործարանի և զինագործարանի։