Կիրակի օրը ձերբակալվել է Նոր Զելանդիայի մի բնակչուհի, որը երկու տարեկան աղջնակի հետ ավտոբուսով երթևեկելիս երեխային պահել է իր ուղեբեռում, հայտնում է AFP-ն։

Դետեկտիվ-տեսուչ Սայմոն Հարիսոնը հայտնել է, որ կնոջը մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա նկատմամբ խնամքի բացակայության համար։ Ոստիկանությանը կանչել են Օքլենդից 100 կիլոմետր հյուսիս գտնվող Կայվակ քաղաքի ավտոկայան այն բանից հետո, երբ ավտոբուսի վարորդը նախատեսված կանգառի ժամանակ անհանգստացել է պայուսակի շարժվելուց։

«Երբ վարորդը բացել է ճամպրուկը, նրանք հայտնաբերել են երկու տարեկան աղջնակի, - ասել է Հարիսոնը։- Հաղորդվել է, որ փոքրիկ աղջիկը շատ շոգել էր, բայց, ըստ ամենայնի, այլ կերպ չի տուժել»։ Ուղեբեռը պահվել է առանձին խցիկում։

Հարիսոնն ասել է, որ աղջիկը գտնվում է հիվանդանոցում, որտեղ մանրակրկիտ բժշկական հետազոտություն է անցնում։ 27-ամյա կինը ձերբակալվել է։

Ըստ նրա, վարորդը կանխել է «շատ ավելի վատ ելքը»։

Նա հավելել է, որ ձերբակալվածի դեմ կարող են այլ մեղադրանքներ ևս առաջադրվել։