Բանգլադեշում այսօր՝ օգոստոսի 3-ին, մեկնարկում է պատմական դատավարություն. երկրի նախկին վարչապետ Շեյխ Հասինան կկանգնի Միջազգային տրիբունալի առջև՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով, գրում է The Guardian-ը։

Նա մեղադրվում է 2024 թվականի հուլիսյան անկարգությունների ժամանակ կատարված զանգվածային սպանություններին, խոշտանգումներին, դրդրչությանը և հանցակցությանը մասնակից լինելու մեջ։

Հասինայի ռեժիմի դեմ զանգվածային դժգոհության հետևանքով առաջացած, այսպես կոչված, «հուլիսյան հեղափոխության» արդյունքում ամբողջ երկրում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել ավելի քան 1400 մարդ։ Զոհերի թվում է նաև 11-ամյա Ռաքիբ Հոսեյնը, որին Դաքքայի փողոցում, ենթադրաբար, գնդակահարել է ոստիկանը։ Հենց նրա մահն է հանդիսանում մեղադրանքի առանցքային դրվագը։

Անցյալ տարվա օգոստոսից Հնդկաստանում գտնվող Շեյխ Հասինան կդատվի հեռակա կարգով։ Չնայած Բանգլադեշի ժամանակավոր կառավարության բազմաթիվ հարցումներին՝ Հնդկաստանի իշխանությունները նրան չեն արտահանձնել։ Մեղադրյալը հրաժարվել է մասնակցել գործընթացին՝ սահմանափակվելով միայն իր անմեղության մասին պաշտոնական հայտարարությամբ։ Դատարանում նրա շահերը ներկայացնում է պետության նշանակած փաստաբանը։

Դատավարությունը լայն հասարակական հնչեղություն է առաջացրել ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Հենց տրիբունալը, որը ստեղծվել է Հասինայի նախաձեռնությամբ նրա կառավարման տարիներին, այժմ դարձել է այն վայրը, որտեղ նա պետք է պատասխան տա ծանր հանցագործությունների մեղադրանքների համար։

Հասինային տապալելուց հետո իշխանության է եկել անցումային կառավարություն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսի գլխավորությամբ։ Նա խոստացել է ժողովրդավարական բարեփոխումներ և իշխանության հաշվետվողականության ապահովում։ Սակայն մեկ տարի անց հասարակության մի մասը հիասթափություն է հայտնում. խոստացված բարեփոխումները դանդաղ են իրականացվում, իսկ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Փորձագետները զգուշացնում են, որ փետրվարին նախատեսված առաջիկա ընտրությունները, որոնք ընթանում են դատավարության ֆոնին, կարող են քաղաքականացվել։ Այնուամենայնիվ, շատերը դատավարության մեկնարկը կարևոր քայլ են համարում ճշմարտության և արդարության հաստատման ուղղությամբ։ Հուլիսյան դեպքերի զոհերի ընտանիքների համար սա լսելի լինելու հնարավորություն է։

Միևնույն ժամանակ շարունակվում է աշխատանքը Հասինայի դեմ նոր մեղադրանքներ նախապատրաստելու ուղղությամբ՝ նրա կառավարման բոլոր 15 տարիների ընթացքում ենթադրյալ խախտումների համար, ներառյալ՝ բռնի անհետացումները, խոշտանգումները և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները։