Լենինգրադի մարզում բեռնատար գնացքի և զբոսաշրջիկների ավտոբուսի բախման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, իսկ 16-ը՝ վիրավորվել, օգոստոսի 4-ին հայտնել է մարզային վարչակազմը։
Ալեքսանդր Սվիրսկու վանք ուղևորվող զբոսաշրջիկներով ավտոբուսը և բեռնատար գնացքը վթարի են ենթարկվել Լոդեյնոպոլի շրջանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով տեղական ոստիկանությանը: Վթարը տեղի է ունեցել առավոտյան մոտավորապես ժամը վեցին՝ Լոդեյնոպոլ և Օլոնեց կայարանների միջև գտնվող երկաթուղային միացման վայրում:
Ոստիկանությունը հայտնել է, որ ավտոբուսը չկարգավորվող երկաթուղային անցում է հատեկ։ Միաժամանակ, Ռուսաստանի երկաթուղիների «Հոկտեմբերյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բախումից առաջ երկաթուղային ազդանշանային համակարգը գործել է անխափան կերպով։ «Գնացքի մեքենավարը կիրառել է արտակարգ արգելակում, սակայն հեռավորությունը բավարար չի եղել և բախումը հնարավոր չի եղել կանխել», - հավելել են երկաթուղու ներկայացուցիչները։
Միայն ավտոբուսում գտնվող մարդիկ են վիրավորվել, նրանցից յոթի վիճակը գնահատվում է ծանր։ Երկաթուղայինները բժշկական օգնության չեն դիմել։
Հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար (Քրեական օրենսգրքի 264-րդ հոդված), հաղորդում է «Ֆոնտանկան»։




























