ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերագնահատել է միջազգային ապրանքաշրջանառության վրա Միացյալ Նահանգների ազդեցությունը և չի կարողանա պրոտեկցիոնիստական միջոցներով փոխել համաշխարհային առևտրի կանոնները։ Նման տեսակետ են հայտնել China Daily պարբերականի հեղինակները։

«ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ապրանքաշրջանառության մոտ 17%-ը և նրանք գերագնահատում են աշխարհում առևտրային կանոնները փոխելու իրենց կարողությունը՝ մաքսային մահակը պարզապես թափահարելով»,- ասվում է հրատարակության խմբագրականում՝ նվիրված ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ հակաքայլեր ձեռնարկելու Թրամփի սպառնալիքներին։ Մասնավորապես, խոսքը Հնդկաստանի մասին է։

Հեղինակները նշում են, որ բացի միակողմանի պրոտեկցիոնիստական և «շահագործողական» մոտեցումից, որը քողարկված է «գործարքի արվեստի» ներքո՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը որևէ օգտակար կանոն չի ներդրել համաշխարհային առևտրային պրակտիկայում։ Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Նյու Դելիի վրա ճնշում գործադրելը և ռուսական նավթի գնումները դադարեցնելու պահանջներ ներկայացնելը՝ միայն «ավելի կբարդացնեն ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև փակուղի մտած առևտրային խորհրդակցությունները»։

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի բանակցությունները որոշ այլ առաջատար տնտեսությունների, այդ թվում՝ Եվրամիության հետ, «նույնպես հարթ չեն ընթանում»։ Թերթի հեղինակները կարծում են, որ Վաշինգտոնը ստիպել է Բրյուսելին «ամեն ինչ խաղադրույք կատարել ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտում»։ «Չնայած ԱՄՆ-ը հայտարարում է, որ առևտրային բանակցություններում առաջընթաց է գրանցվել, դեռ պարզ չէ, թե արդյոք այդ «հաղթանակը» կբացի ամերիկյան ապրանքների համար այլ երկրների շուկաները, թե ոչ և արդյոք ԱՄՆ-ն կունենա բավարար իրավունք այդ երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերը բարձրացնելու համար», — ընդգծում են նրանք։

Հրապարակման մեջ նշվում է, որ Սպիտակ տունը մշտապես փորձում է սակագնային պատերազմը կապել աշխարհաքաղաքականության, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հետ։ Այսպիսով, ինչպես նշում են հեղինակները՝ ԱՄՆ-ը «բարդացնում է իրավիճակը, սպառնում է խափանել ոչ միայն որոշ պետությունների հետ առևտրային բանակցությունները, այլև համապատասխան հրատապ խնդիրների լուծումը»։ Ավելին, ինչպես նշվում է, մաքսատուրքերը չեն հանգեցնի ամերիկյան բյուջեի համալրման և չեն փոխհատուցի դրա դեֆիցիտը, ինչպես նաև չեն ստեղծի լրացուցիչ աշխատատեղեր։