Ռուսաստանում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետը ձևավորում է նախագահ Վլադիմիր Պուտինը, ուստի նրա դիրքորոշումն ամենակարևորն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով սոիցալական ցանցերում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ունեցած վեճը։
Նա նշել է, որ յուրաքանչյուր երկրում ղեկավարության անդամները աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ և տարբեր տրամադրություններ ունեն։ Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում նույնպես կան բավականին կոշտ տրամադրված մարդիկ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ Պեսկովը կոչ է արել ուշադրություն դարձնել Պուտինի խոսքերին ու դիրքորոշմանը։
«Բայց գլխավորը, իհարկե, նախագահ Պուտինի դիրքորոշումն է։ Մեր երկրում արտաքին քաղաքականությունը ձևավորում է պետության ղեկավարը, այսինքն՝ Պուտինը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հանրային վիճաբանության մեջ են մտել սոցիալական ցանցերում։ Ամերիկացի առաջնորդը ռուս քաղաքական գործչին խորհուրդ է տվել հետևել իր խոսքերին՝ ակնարկելով, որ նա «վտանգավոր տարածք» է մտնում։ Ի պատասխան՝ Մեդվեդևը Թրամփին կոչ է արել վերանայել «քայլող մեռյալների» մասին ֆիլմերը և հիշեցրել է «Մեռած ձեռք» նախագծի մասին։




























