«2025 թվականի սկզբից Ռուսաստանում կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել առնվազն 99 պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ», - հաշվել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն։

Խոսքը դաշնային և տարածաշրջանային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալներից ոչ ցածր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքապետերի և նրանց տեղակալների մասին է։

Այս տարի քրեական գործերի թիվը մոտենում է 2024 թվականի ցուցանիշներին (երբ տարվա ընթացքում հարուցվել է 122 գործ) և գերազանցում է 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականների ցուցանիշները։

Գերատեսչական պաշտոնյաների շրջանում քրեական գործերի գրեթե մեկ երրորդը (28%) բաժին է ընկնում ուժային կառույցների աշխատակիցներին, որին հաջորդում են շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության ոլորտը (18%), տնտեսությունն ու արդյունաբերությունը (11%), տրանսպորտը և բնօգտագործումը (յուրաքանչյուրը՝ 8%)։ Վերջին 10 ու կես տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կոռուպցիոն գործերի գրեթե կեսը տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո երեք ու կես տարվա ընթացքում:

«Որպեսզի ինքնավարությունները գոյատևեն՝ նրանք պետք է վախ տարածեն, այլ ոչ թե մեծ ահաբեկչության մեքենա գործարկեն։ Այժմ մենք տեսնում ենք, որ պաշտոնյայի յուրաքանչյուր հաջորդ ձերբակալումը հանրայնորեն չի ներկայացվում որպես որևէ արշավի կամ լայնածավալ մաքրման տարր։ Ընդհակառակը, համակարգը խուսափում է նման հռետորաբանությունից։ Միևնույն ժամանակ, պաշտոնյաների համար ռիսկերի աճը, ակտիվների վերաբաշխումը և երկիրն ապահով լքելու անհնարինությունը ժամանակակից Ռուսաստանի ապակայունացնող գլխավոր գործոններից են», - այս ցուցանիշները մեկնաբանել է քաղաքագետ Եկատերինա Շուլմանը։

«Նովայա գազետա Եվրոպա»-ն նշում է, որ Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված գործերից բացի, աճում է նաև «միջին և ստորին մակարդակի» պաշտոնյաների գործերի թիվը։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում կոռուպցիոն հանցագործությունների թիվը գրեթե մեկ քառորդով ավելի է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 15,5 հազարն ընդդեմ 12,5 հազարի։ Պարբերականի փորձագետներն այս ցուցանիշի աճը կապում են իրավապահ մարմինների՝ անհրաժեշտ ցուցանիշների հասնելու ձգտման հետ, քանի որ պետական ծառայողների, պետական և բյուջետային հիմնարկների ղեկավարների նկատմամբ ավելի հեշտ է հետաքննություն անցկացնել։