Մեծ Բրիտանիան նախատեսում է ևս 100 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 133 մլն դոլար) ծախսել մարդկանց անօրինական ներմուծման դեմ պայքարի և միգրանտներին վերադարձնելու վերաբերյալ Ֆրանսիայի հետ համաձայնագրի իրականացման վրա։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Լրացուցիչ ֆինանսավորումը կօգտագործվի մի շարք գործողությունների համար, այդ թվում՝ մինչև 300 Ազգային հանցագործությունների դեմ պայքարի գործակալության աշխատակիցների հավաքագրման և նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների մեջ ներդրումներ կատարելու համար։ Դրանք օգտագործվելու են նաև Լա Մանշով փոքր նավակներով միգրանտներ անօրինական ճանապարհով անցկացնող հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու համար։
Լրացուցիչ միջոցների մի մասը կուղղվի Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Ֆրանսիայի հետ կնքած «մեկ մուտք՝ մեկ ելք» սկզբունքով միգրանտներին վերադարձնելու համաձայնագրի աջակցմանը, որի համաձայն երկու երկրներն էլ պարտավորվել են շաբաթական վերադարձնել Լա-Մանշը հատած միգրանտների նույն քանակությունը, իսկ Մեծ Բրիտանիան կընդունի ապաստան փնտրող և Բրիտանիայի հետ կապեր ունեցող անձանց։
Կառավարությունը նաև նախատեսում է ֆինանսավորել մի շարք միջոցառումներ՝ ուղղված Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարանցիկ երկրներում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին։
«Այս լրացուցիչ միջոցները կամրապնդեն մեր ծրագրի բոլոր ասպեկտները և զգալիորեն կուժեղացնեն մեր իրավապահ մարմինների կարողությունը՝ հանցախմբերին հետևելու և վնասազերծելու գործում»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը։
100 միլիոն ֆունտ ստեռլինգի խոստումը տրվել է այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է, որ քրեական պատասխանատվության կենթարկի սոցիալական ցանցերում մարդկանց անօրինական տեղափոխման ծառայությունները գովազդող գրառումները։





























