Հայաստանի կառավարությունն, այսօր` հունվարի 19-ին, հավանություն տվեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համաձայնագրի կնքմանը: ՄՖԿ-ին Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային կազմակերպություն է, որը ծրագրեր է իրականացնում զարգացող երկրներում:

ՄՖԿ-ն 2009թ. հունվարից մինչեւ 2011թ. սեպտեմբեր ամիսները Հայաստանում իրականացրել է «Գործարարությամբ զբաղվելու միջավայրի (Դուինգ Բիզնես) բարեփոխումներ եւ կանոնակարգման ոլորտի պարզեցում» խորհրդատվական ծրագիրը։ 2011թ. սեպտեմբերից սկսել է իրականացնել նաեւ «Ներդրումային միջավայրի բարեփոխումներ» խորհրդատվական ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2014թ. սեպտեմբերին։ Նոր ծրագրի  նպատակն է`  աջակցել ՀՀ կառավարությանը բարելավելու Հայաստանի  ներդրումային միջավայրը` գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ժամանակի եւ ծախսերի կրճատման եւ հետևյալ 4 ոլորտներում արդյունավետության բարձրացման միջոցով`

1. Հարկային ընթացակարգերի պարզեցում

2. Արտահանում եւ ներմուծում

3.  Տեսչական ստուգումներ

4. Սննդամթերքի անվտանգություն

Ծրագիրը համաֆինանսավորվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության եւ Նիդերլանդների զարգացման համագործակցության նախարարության կողմից: