Մեքսիկայի դատախազությունը հաստատել է, որ հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 32 մարմին։ Ոստիկանները մարմինները գտել են երկրի կենտրոնական մասում՝ Գուանախուատո նահանգի Լա Կալերա բնակավայրի ընդհանուր գերեզմանում։

«Լա Կալերայում իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 32 մարդու դի, որոնցից 15-ը ճանաչվել են», - ասվում է նահանգի դատախազի գրասենյակի X-ի հայտարարության մեջ։

Տեղական TVguanajuato հեռուստաալիքի տվյալներով՝ մարդկային մնացորդները հայտնաբերվել են մասնատված վիճակում, ուստի դրանց վերլուծությունը պահանջել է մասնագիտացված մեթոդների կիրառում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գենետիկան, մարդաբանությունը և դատաբժշկական ստոմատոլոգիան։