Օրեր առաջ Երևանի բնակիչ 62-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կնոջ առողջական վիճակը վատթարացել է, շտապօգնություն են զանգահարել, սակայն շտապօգնության աշխատակիցները չեն ընդունել կանչը։ Օրեր անց 49-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մեկ օր անց մահացել է։ Տղամարդը կնոջ մահվան մեջ մեղադրում է շտապօգնության աշխատակիցներին։ Այս մասին հայտնել էր shamshyan.com–ը։
«Շտապօգնություն» ՓԲԸ–ից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ կա նախաձեռնված, նախաքննության շահերից ելնելով չեն ցանկանում մանրամասներ։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187–րդ հոդվածի 2–րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 187–րդ հոդվածի 2–րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:





























