Չժեցզյան համալսարանի գիտնականները մշակել և ներկայացրել են եզակի ուղեղանման համակարգիչ՝ Darwin Monkey (Չինաստանում՝ «Ուկուն»), որը հիմնված է նեյրոմորֆիկ ճարտարապետության վրա՝ ավելի քան 2 միլիարդ արհեստական նեյրոններով: Ըստ РИА Новости-ի՝ նորարարության մասին նշվում է համալսարանի պաշտոնական էջում:
Մշակողների բնորոշմամբ՝ սա ուղեղի աշխատանքի սկզբունքի վրա կառուցված աշխարհում առաջին հաշվողական համակարգն է, և մասնագիտացված նեյրոմորֆիկ չիպեր է օգտագործում: Համակարգիչը ներառում է 960 Darwin III պրոցեսորներ, որոնցից յուրաքանչյուրն ընդօրինակում է կենդանի օրգանիզմի նյարդային ակտիվությանը նման գործընթացներ:
«Darwin Monkey -ի նեյրոնների քանակը մոտավորապես համապատասխանում է մակակի ուղեղին, ինչն այն ուղեղանման արհեստական բանականության զարգացման կարևոր քայլ է դարձնում»,- նշել են համալսարանում:
Համակարգի միջոցով չինացի մասնագետներն արդեն մոդելավորել են տարբեր կենդանի օրգանիզմների ուղեղի գործունեությունը՝ նեմատոդներից և դանիոռերիո ձկներից մինչև մկներ և պրիմատներ: Հետազոտողներն ընդգծում են, որ մշակումը հեռանկարներ է բացում նյարդաբանության մեջ նոր մոտեցումների համար և հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կենսաբանական փորձերի անհրաժեշտությունը:





























