Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանճոու քաղաքում տեղի ունեցած սողանքը մի շարք մասնավոր տներ է ոչնչացրել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի առավոտյան։ Մի քանի օր տևած հորդառատ անձրևներից հետո Բայյուն շրջանում սողանք է եղել։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել յոթ մարդու և այժմ պարզում են, թե արդյոք կան այլ մարդիկ, որոնք շրջափակված են շենքերի փլուզման հետևանքով։

Մինչ այդ, Գուանդուն նահանգում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք կաթվածահար են արել երթևեկությունը գլխավոր մայրուղիներում։ Տարածաշրջանում հայտարարվել է ջրհեղեղների արձագանքման չորս մակարդակներից երկրորդը, որտեղ առաջինը ամենաբարձրն է։ Նահանգի 16 գետերում ջրի մակարդակը գերազանցել է նորման։