Օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Ուկրաինայում պատերազմի շուրջ բանակցությունների համար Մոսկվա ժամանելուց անմիջապես առաջ, ռուսական բանակը ավիառումբերով հարվածներ է հասցրել Զապորոժիեի շրջանին և սպանել է առնվազն երկու մարդու։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նա հստակեցրել է, որ առնվազն չորս հարված է հասցվել Զապորոժիե քաղաքից դուրս գտնվող հանգստի գոտիներից մեկին։

Ուկրաինայի ԱԻՆ տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Նրանցից մեկը ծանր վիճակում է։ Տուժածներից ինը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հանգստացողները տարհանվել են։ «Այս պահին փրկարարները մարում են բակային շինության, ավտոմեքենաների և բաց տարածության հինգ հրդեհի օջախները։ Վնասվել է հանգստի համար նախատեսված ինը միահարկ տնակ», - հայտնել են ծառայությունից։

Դեպքի մասին հաստատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Այս հարձակումը ռազմական իմաստ չունի։ Սա զուտ դաժանություն է՝ վախ գործադրելու համար», - ընդգծել է նա։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ անցած գիշեր ՌԴ զինված ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի էլեկտրական ցանցերին, անօդաչու սարքից պայթուցիկ են նետել Խերսոնում գտնվող մարդկանց վրա, գնդակոծել են Դոնեցկի և Խարկովի մարզերի մասնավոր տները, ինչպես նաև հարձակվել են Օդեսայի մարզի Նովոսելսկոյե գյուղի գազի կայանի վրա։

«Հարյուրավոր ընտանիքներ մնացին առանց գազի։ Եվ սա միտումնավոր հարված է եղել ջեռուցման սեզոնի մեր նախապատրաստական աշխատանքներին, բացարձակապես ցինիկ, ինչպես էներգետիկ ոլորտին ուղղված յուրաքանչյուր ռուսական հարված», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի գիշերը Զապորոժիեի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, հայտնել է Ֆյոդորովը։ 60 և 49 տարեկան տղամարդիկ սպանվել են Ստեպնոգորսկի վրա հարձակման և բնակելի շենքի ավերման հետևանքով։ Եվս երկու մարդ զոհվել է Պոլոգիի շրջանի Գուլյայպոլի համայնքի վրա ռուսական ավիահարվածից հետո։ Նրանք ամուսնական զույգ են եղել՝ 65-ամյա կին և 62-ամյա ամուսին։