ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է անցնել դաշնային կառավարման ներքո՝ հանցավորության բարձր մակարդակի պատճառով։ Նա համապատասխան գրառում է կատարել Truth Social-ում։
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ «Վաշինգտոնում հանցավորությունը դուրս է եկել վերահսկողությունից», իսկ 14-16 տարեկան երիտասարդները «թալանում են, հաշմանդամ դարձնում և կրակում անմեղ քաղաքացիների վրա՝ իմանալով, որ դրա համար իրենց ոչինչ չի լինի»։
«Եթե Վաշինգտոնի [իշխանությունները] չսկսեն խելամիտ գործել և որքան շուտ՝ այնքան լավ, մենք այլընտրանք չենք ունենա, քան քաղաքը դաշնային կառավարման տակ վերցնելը և այն ինչպես հարկն է ղեկավարելը՝ հանցագործներին ցույց տալու համար, որ նրանք այլևս չեն կարող անպատիժ մնալ», – հայտարարել է Թրամփը։
Նա նաև կողմ է արտահայտվել քաղաքային օրենքների փոփոխությանը, որպեսզի իշխանությունները կարողանան «երկարատև պատիժներ սահմանել» փողոցային հարձակումների համար, այդ թվում՝ դեռահասների նկատմամբ: Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա հավելել է, որ վերջին օրերին Վաշինգտոնում հարձակման է ենթարկվել նաև Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցը:





























