Բաթումի քաղաքային դատարանը «Բաթումելեբի» ինտերնետ-հրատարակության տնօրեն Մզիա Ամաղլոբելիին դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին ապտակելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակման Առաջին ալիքը։
Դատավճիռը կարդացել է դատավոր Նինո Սախելաշվիլին, ով հայտարարեց, որ Ամաղլոբելիի գործը վերաորակավորել է ավելի «մեղմ հոդվածով»։ Ամաղլոբելիին մեղադրել են ոստիկանի վրա հարձակվելու մեջ, ինչը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։ Սակայն դատավորը գործը վերաորակավորել է իշխանության ներկայացուցչին դիմադրելու հոդվածով, ինչը պատժվում է երկուսից հինգ տարի ազատազրկմամբ։
Ամագլոբելին ձերբակալվել է հունվարի 12-ին Բաթումիում Աջարիայի ոստիկանության գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Տեղական լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է առցանց հրատարակության տնօրենը ապտակում ոստիկանին, նախքան ձերբակալվելը:




























