Ռուսաստանը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռումինիայի հետ սահմանի մոտ գտնվող գազափոխադրման ենթակառուցվածքային օբյեկտի վրա։ ԱՄՆ-ից և Ադրբեջանից գազը Ուկրաինա է տեղափոխվել այս կայանի միջոցով, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Էներգետիկայի նախարարությանը։

Ինչպես նշվում է, օգոստոսի 6-ի գիշերը Ռուսաստանը թիրախավորված հարձակում է իրականացրել գազային ենթակառուցվածքի օբյեկտի՝ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանի վրա, որը գտնվում է Օդեսայի մարզում՝ Ռումինիայի սահմանի մոտ։

Կոմպրեսորային կայանը Հունաստանի հեղուկացված բնական գազի տերմինալները ուկրաինական գազի պահեստարանների հետ կապող երթուղու մի մասն էր՝ Տրանսբալկանյան գազատարի միջոցով, որն արդեն մատակարարել է հեղուկացված բնական գազ Միացյալ Նահանգներից և փորձարկել ադրբեջանական գազի ծավալներ։

Այսօր այդ մատակարարումները ապահովող սարքավորումները հարձակման են ենթարկվել թշնամու տասնյակ հարձակողական անօդաչու թռչող սարքերի կողմից։

«Սա Ռուսաստանի հարձակում է զուտ քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկայի և միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայում գործընկերների հետ հարաբերությունների, ուկրաինացիների և բոլոր եվրոպացիների բնականոն կյանքի դեմ», - ասվում է հայտարարության մեջ։