Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում բռնկված անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 14 հազար հա տարածք։ 20 տարվա ընթացքում այն գրեթե դարձել է հանրապետության ամենախոշորը հրդեհը։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը՝ հղում անելով Անտառային հրդեհների պետական ռեգիստրի տվյալներին։

Նախկինում վերջին ժամանակների ամենամեծ անտառային հրդեհը համարվել է 2022 թվականի հրդեհը, որը Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում ավելի քան 12,6 հազար հեկտար տարածք է այրել։

Գյուղատնտեսության նախարարությունը 2006 թվականից ի վեր պարբերաբար գրանցում է ամբողջ երկրում բռնկված անտառային հրդեհները։ Մինչ այդ հաշվի էին առնվում միայն հանրապետության այն հատվածի հրդեհները, որոնք հարում էին Միջերկրական ծովին։

Մարսելի «La Provence» թերթը հիշեցնում է, որ Ֆրանսիայի պատմության մեջ գրանցված ամենամեծ անտառային հրդեհը համարվում է Լանդ դը Գասկոն լեռնազանգվածի անտառային հրդեհը, որը 1949 թվականին կլանել է 50 հազար հեկտար անտառ և խլել 82 մարդու կյանք։

Օդ դեպարտամենտում հրդեհը բռնկվել է օգոստոսի 5-ի երկրորդ կեսին, իսկ արդեն օգոստոսի 6-ին տեղի պրեֆեկտուրան հայտնել է մեկ զոհի մասին։ Եվս մեկ մարդ համարվում է անհայտ կորած։ Տուժել է նաև ինը մարդ, որոնցից յոթը հրշեջներ են։ Մոտ 2,5 հազար տնային տնտեսություն մնում է առանց էլեկտրականության։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է մոտ 2 հազար հրշեջ-փրկարար, ներգրավված են Canadair ինքնաթիռներ։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը, նահանգում ամենաբարձր (կարմիր) վտանգի մակարդակ է հայտարարել։