Սոչիում հանդիպմանը Մեդվեդեւի ձայնը բավականաչափ համոզիչ չի լինի` Պուտինի իշխանության գալուց շաբաթներ առաջ: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իտալացի քաղաքագետ, Միջազգային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (ISPI) փորձագետ Կարլո Ֆրապին:
Մեկնաբանելով հունվարի 23-ին Սոչիում կայանալիք`Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, փորձագետը հայտարարեց, թե Սոչիում հազիվ թե էական առաջընթաց արձանագրվի:«Մեդվեդեւի կողմից նախաձեռնված եռակողմ ձեւաչափով հանդիպումը, անշուշտ, կարեւոր էր բանակցային գործընթացում, սակայն կարծում եմ, որ Կազանի գագաթնաժողովի անհաջողությունը ցույց տվեց Ռուսաստանի նախագահի անձնական նախաձեռնության անհաջողությունը»,-նշեց փորձագետը:
«Մյուս կողմից, կարծում եմ, նախագահական ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ Մեդվեդեւի ուղերձը բավականաչափ համոզիչ չի հնչի` կողմերին հիմնարար սկզբունքներն ստորագրելու կոչի առումով: Բանակցություններում առաջընթաց պետք է սպասել Պուտինի վերադարձից եւ նրա կողմից Կովկասում քաղաքականության ճշգրտումից հետո»,-եզրափակեց Ֆրապին:




























