ԱՄՆ-ը կասկած է հայտնել «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նպատակների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության` Ասիայի եւ Եվրոպայի էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը` Կիեւում կայացած «Բնական գազ եւ Ուկրաինայի էներգետիկ ապագան» կոնֆերանսի ժամանակ: Մորնինգսթարը նշել է, որ «միայն մեր ռուս ընկերներին է հայտնի» այդ գազամուղի շինարարության նպատակը:

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով, ԱՄՆ-ի ներկայացուցիչը կասկածել է նաեւ, որ կհաջողվի իրականացնել Nabucco-ի նախագիծը տարածաշրջանում: Նա նշել է, որ նման խոշորամասշտաբ գազամուղը կպահանջի զգալի ժամկետներ եւ այդ դեպքում դժվարություններ են առաջանում դրա իրականացման հետ: Ամերիկացին հայտարարել է, որ «հարավային գազային միջանցքում» գազի մեծ ծավալներ չի լինելու, եւ Եվրոպային անհրաժեշտ է կենտրոնանալ գազի մատակարարող ավելի էներգետիկ երկրների վրա, տվյալ դեպքում խոսքը Բալկանների մասին է: Մորնինգսթարը ենթադրում է, որ նման ծրագրեր կարելի է իրականացնել Թուրքիայում ինտերքոնեքթի շինարարության ճանապարհով:

Մորնինգսթարը անցյալ տարվա նոյեմբերի կեսին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «ԱՄՆ-ը առաջարկել է եւ շարունակում է առաջարկել իր աջակցությունը Nabucco-ի գազամուղի հարցում: Եթե նախագիծը իրականացվի եւ ամերիկյան ընկերությունները կցվեն շինարարությանը, ապա հնարավոր է նախագիծը ֆինանսավորվի ԱՄՆ Էքսիմբանկի կողմից»: Այն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ «հարավային միջանցքով» մեծ քանակությամբ գազ բաց կթողնվի, բայց դժվարացել է անվանել նախագծի իրականացման ժամկետները, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: