Անհայտ հաքերները կիբերհարձակում են իրականացրել ԱՄՆ դաշնային դատարանների էլեկտրոնային արխիվացման համակարգի վրա՝ գողանալով քրեական գործերի և դրանց պաշտպանյալների վերաբերյալ որոշ տվյալներ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ դատական համակարգի աղբյուրներին։
Նրանք նշել են, որ հաքերային հարձակման արդյունքում կարող էին գողացվել վկաների և տեղեկատուների անձնական տվյալները, որոնք ներառված են անանունություն և անվտանգություն երաշխավորող պաշտպանության ծրագրերում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դաշնային դատարանների հետ համատեղ փորձում է պարզել այս հարձակման հետևանքների մասշտաբները։
Էլեկտրոնային համակարգը բաղկացած է երկու բաղադրիչից՝ գործերի կառավարման հարթակից, որը գործընթացի մասնակիցներն օգտագործում են քննվող գործերին վերաբերող թվայնացված փաստաթղթեր վերբեռնելու համար և այդ տեղեկատվության սահմանափակ մուտքի հարթակից։ Համակարգում, բացի վկաների և մեղադրյալների մասին տվյալներից, կա նաև ձերբակալությունների և խուզարկությունների օրդերների մասին տեղեկատվություն։ Politico-ի աղբյուրները մտավախություն ունեն, որ հաքերների ստացած տվյալները քրեական տարրերին փոխանցելու դեպքում, կարող են օգնել առանձին հանցագործներին։
Մինչև այժմ ԱՄՆ իշխանությունները պատկերացում չունեն, թե ով է կանգնած կիբերհարձակման հետևում։





























