Կորեայի Հանրապետության և ԱՄՆ զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն «Ulchi Freedom Shield» ամենամյա լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքներ և նախատեսված են բոլոր ոլորտներում դաշնակիցների մարտունակությունը բարձրացնելու համար։ «Զորավարժությունները կնպաստեն Հարավային Կորեայի կառավարության ներսում գերատեսչական համակարգմանը, որը նախատեսված է ազգային մակարդակում ճգնաժամային կառավարման հմտությունները ամրապնդելու, քաղաքացիական պաշտպանության ոլորտում արձագանքման հմտությունները բարձրացնելու և կիբերոլորտում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», - հայտարարել են երկու երկրների զինվորականները։

Նրանց խոսքով ՝ Ulchi Freedom Shield-ը կնպաստի Հարավային Կորեայի կառավարության՝ ռազմական պայմաններում գործողությունների ավելի լավ պատրաստվածությանը: Ulchi Freedom Shield-ի ժամանակ Հարավային Կորեան ավանդաբար անցկացնում է քաղաքացիական պաշտպանության մարզումներ, այդ թվում ՝ համազգային մակարդակով, որի ժամանակ մշակվում են օդային տագնապի գործողությունները:

Բացի դաշտային զորավարժություններից ծրագիրը ներառում է նաև համակարգչային սիմուլյացիոն հրամանատարական կետի զորավարժություն: Yonhap լրատվական գործակալությունը նշում է, որ այս տարվա դաշտային զորավարժությունների կեսը (20) կարող է հետաձգվել մինչև սեպտեմբեր: Միավորման նախարար Ջոնգ Դոնգ-յոնը նախկինում հայտարարել է, որ կառաջարկի նախագահին կրճատել Ulchi Freedom Shield-ի զորավարժությունները:

Անցյալ տարի զորավարժություններին մասնակցել է մոտ 19 հազար հարավկորեացի զինվորական, անցկացվել է 48 մարտական մարզում, այդ թվում՝ մարտական կրակոցներով։ Փհենյանում նման զորավարժությունները ավանդաբար անվանում են «ԿԺԴՀ ներխուժման փորձ»։ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պնդում են, որ մանևրները զուտ պաշտպանական բնույթ են կրում։