Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ երկկողմ առեւտուր սկսվի, դա կլինի անվտանգության ամենահուսալի երաշխքներից մեկը։ Այս մասին այսօր հեռավար ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Թրամփի երթուղուն»։
«Անվտանգային առումով մենք այս նախագիծն անում ենք, որ ավելի շատ ՀՀ քաղաքացիներ առանց մտավախության օգտվեն Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներից եւ հակառակը։ Շատ ենք խոսում անվտանգության, կայունության, խաղաղության մասին եւ երաշխիքների մասին, եթե Հայաստանի ու Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից եւ լինի երկկողմ առեւտուր, դա կլինի անվտանգության ամենահուսալի երաշխիքներից մեկը»,– ասաց Փաշինյանը։
Թե ինչ կլինի ճանապարհի հետ եթե արտակարգ դրություն մտցվի, Փաշինյանը հարցը կարծես հումորի վերածեց. «Իսկ ինչ կլինի, եթե անտառային հրդեհ լինի, իսկ ինչ կլինի, եթե անձրեւ գա»։





























