«Եվրասիական զարգացման բանկը» 4 մլն դոլարի վարկային ռեսուրս կտրամադրի «Արարատբանկ»-ին ` Հայաստանում միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Այսօր` հունվարի 20-ին Երեւանում վարկային պայմանագիրը ստորագրեցին «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:
Այս վարկային ծրագրի շրջանակներում փոքր բիզնեսը հնարավորություն կստանա դոլարային վարկեր ստանալ 3-5 տարի ժամկետով, 12-14 % տարեկան տոկոսադրույքով: Վարկ ստանալու համար կարող են դիմել տնտեսության բոլոր հատվածների ներկայացուցիչները: Վարկի տրամադրման ընթացակարգերը նույնն են լինելու, ինչպեսեւ փոքր եւ միկրո բիզնեսի վարկավորման մյուս գործարքներում: Ըստ Ա. Օսիպյանի` «Արարատբանկը» փոքր բիզնեսի վարկավորման դեպքում օգտագործում է Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկից 2008 թ. ստացված տեխնոլոգիան, որը լավագույններից մեկն է: Դրա շնորհիվ «վատ վարկերի» տեսակարար կշիռը վարկերի ընդհանուր կառուցվածքում բավական ցածր է` մոտ 1.2 տոկոս:
Դ. Ժուրբան իր հերթին նշեց, որ «Եվրասիական զարգացման բանկը» սկսած 2010 թ. Հայաստանի առեւտրային բանկերի հետ իրականացրել է մոտ 80 մլն դոլարի վարկային ծրագրեր:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայումս բանակցում է «Եվրասիական զարգացման բանկի» հետ` 400 մլն դոլար վարկ ստանալու համար «Նաիրիտի» վերակառուցման նպատակով:



























