Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետի մոտ, վրացական կողմում կանգնած է Ստամբուլից Երեւան ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը: 47 ուղեւորները գերի են պահվում ավտոբուսի թուրք եւ վրացի 2 վարորդների կողմից։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ավտոբուսի վարորդների նման պահվածքը պայմանավորված է նրանով, որ նրանք չեն ստացել աշխատավարձ ուղեւորափոխադրող ընկերությունից:

Բալայանը նաեւ տեղեկացրեց, որ Վրաստանում ՀՀ հյուպատոսությունը տեղում փորձում է լուծել խնդիրը։ Բանն այն է, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունը չի վճարել իր աշխատակիցների՝ նշված վարորդների աշխատավարձը, ինչի պատճառով էլ առաջ է եկել նման իրավիճակ։ Վարորդները  հրաժարվում են շարունակել ճանապարհը եւ  ուղեւորներին թույլ չեն տալիս վերցնել իրենց իրերն ու ապրանքները։