Լիբիայի Մարսա էլ Բրեգա քաղաքի խոշորագույն նավթային տերմինալում վայրէջք է կատարել 12 հազար մարդուց բաղկացած ԱՄՆի զորքը: Հունվարի 22-ի երեկոյան այս մասին հայտնել է իրանական հեռուստաալիքը` հղում անելով արաբական լրատվամիջոցներին:
Ըստ հաղորդագրության` թեպետ զորքերի տեղակայումն ուղղված է տարածաշրջանում կայունացման եւ անվտանգության ապահովմանը , սակայն զորքերն, ինչպես որ սպասվում է, պետք է հսկողության տակ առնեն երկրում նավթային գլխավոր հանքահորերը եւ ռազմավարական նավահանգիստները, հաղորդում է rbc-ն:
Մարսա էլ Բրեգան 2011 թվականին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հետեւանքով պաշտոնական Տրիպոլիի կազմից դուրս եկած առաջին քաղաքներից է: 2011 թվականի օգոստոսին Անցումային ազգային խորհրդի զորքերը մեկշաբաթյա գրոհից հետո զավթեցին քաղաքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կատաղած ամբոխը զավթել էր Բենգազիում Անցումային ազգային խորհրդի շենքը` անցումային կառավարությունից պահանջելով ավելի «թափանցիկություն» եւ «արդարություն», ինչպես նաեւ խորհրդարանի ընտրությունների մասին նոր օրենք ընդունելիս ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստում: Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդել Հաֆիզ Գոգան հայտարարել է, որ հրաժարական է տալիս:




























