ԱՆ-32 օդանավի անձնակազմը, որի կազմում ռուս օդաչու է եղել, հունվարի 22-ի երեկոյան ազատվել եւ տեղափոխվել է Սուդանի մայրաքաղաք Հարթում: Այս մասին հայտնել է Սուդանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Յուրի Վիդակասը:
Դիվանագետը հայտնել է, որ ազատվել է ամբողջ անձնակազմը, սակայն իշխանությունները ոչ մի պաշտոնական բացատրություն չեն տվել նրանց ձերբակալման առնչությամբ:
ԱՆ-32-ի անձնակազմը Սուդանում ձերբակալվել էր դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի վերջին: Ինչպես հաղորդվել էր, օդանավը պատկանում է տեղական ավիաընկերությանը եւ White Nile Petroleum նավթային ընկերության շահերից բխող թռիչքներ էր իրականացնում: Օդանավի անձնակազմում բացի ՌԴ քաղաքացի Պոպովից կային նաեւ Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի եւ Սուդանի քաղաքացիներ:
Հարավային Սուդանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները բոլորին տեղափոխել են օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ճամբար: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալների` կալանավորներին տանելի պայմաններում են պահել եւ չեն սահմանափակել ճամբարում նրանց տեղաշարժը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ նախագահի Աֆրիկայի երկրների հետ համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը գործակալությանը հայտարարել է, որ օդաչուները մտադիր չեն լքել երկիրը եւ կշարունակեն ավիաընկերությունում աշխատել:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 17-ին Հայաստանի ԱԳՆ-ն NEWS.am-ին հայտնել էր, որ Սուդանում օդաչու աշխատող Հայաստանի քաղաքացին ազատության մեջ է, երկրի իշխանությունները նրա նկատմամբ ոչ մի պահանջ չունեն:




























