Վարորդական իրավունքի ոլորտը միշտ էլ եղել է կոռուպցիայի անմատչելի ամրոցներից մեկը: Երեսուն, կամ գուցե քառասուն տասնամյակ: Միշտ էլ համարել եմ, որ սա այն ոլորտներից է, որտեղ կոռուպցիան վերացնել գրեթե անհնար է` չափից դուրս մեծ փողեր են պտտվում: Բայց ամրոցը, կարծես, կապիտուլյյացիայի է ենթարկվել` անցյալ տարի այստեղ արմատական փոփոխություններ եղան:

Երբ 3 տարի առաջ ցանկանում էի կորած վարորդական իրավունքս վերականգնել` ինձանից 60 հազ. դրամ պահանջեցին, ու դա` լավության կարգով: Իսկ նույն գործողության համար քաղաքացին ներկայումս ծախսում է ընդամենը 12 հազ. դրամ` վճարելով օրինական պետտուրքը: Ես այդ գործողությունն արել եմ անցյալ տարի նոյեմբերին, ու ինքս էլ զարմացած եմ, որ ողջ գործընթացն անցավ զարմանալիորեն նորմալ, համենայնդեպս` նախկին արատավոր համակարգից շատ քիչ բան էր մնացել: Ոստիկանության աշխատողը նույնիսկ բարկացավ, երբ ասացի, որ պատրաստ եմ պետտուրքի վճարումը կատարել կանխիկ` իրենց մոտ: Պարզվում է` միայն բանկային անդորրագիրն է անցնում: Մի փոքր խնդիր առաջացավ բանկում վճարումն անելիս: Նախ` ոչ բոլոր բանկերն են ընդունում վճարը, պարզաբանելով, որ չեն տիրապետում բյուջեի հաշվեհամարին, ուստի վճարում անելիս պետք է այդ հաշվեհամարը ներկայացնել: Մյուս բանկում (անուններ, թերեւս, չարժե նշել) հաշվեհամարը գիտեին, բայց ի զարմանս ինձ` գեղեցիկ ժպտացող գանձապահուհին պահանջեց վճարել 24 հազ. դրամ: Երբ հիշեցրի, որ տուրքը կարծես թե պետք է 12 հազ. դրամ լինի, նա խնդրեց նորից ճշտել դա հենց ոստիկանությունից: Երբ թակեցի մեկ այլ բանկի դուռը, աշխատակցուհին շատ զգուշորեն հարցրեց` իսկ որքա՞ն են ասել, որ վճարեմ: Այնպիսի տպավորություն էր, որ ճանապարհային ոստիկանությունը ներքին կարգով հրահանգել է բանկերի աշխատակիցներին` պետտուրքի գումարը նախատեսվածից ավելի վերցնել:

Բոլոր դեպքերում` քաղաքացին պետք է հստակ իմանա` վարորդական իրավունքի փոխանակումը կամ կորածի վերականգնումը, ըստ գործող օրենսդրության, պահանջում է 12 հազ. դրամ պետտուրք: Եթե վարորդական իրավունքը տրամադրվում է առաջին անգամ` պետք է լրացուցիչ պետտուրք վճարել նաեւ տեսական ու գործնական քննությունների համար (յուրաքանչյուրը` 3000-ական դրամ), ինչպես նաեւ`10 հազ. դրամ որպես գործնական քննություն ընդունելու ծառայության վճար: Այլ վճարներ օրենսդրորեն սահմանված չեն:

Այն դեպքում, երբ անձը ցանկանում է ստանալ հատուկ մասնագիտական վարորդական իրավունք (D, BE, CE, DE կարգեր կամ C1E ու D1E ենթակարգեր), պահանջվում է նաեւ ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական քննությունը հանձնելու մասին վկայական:

Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելիս գործնականում բյուրոկրատական քաշքշուկներ չեն ստեղծում: Լինում են հերթեր, իհարկե, բայց կարելի է դրանցից խուսափել առավոտյան շուտ այցելությամբ: Միակ թերությունը, թերեւս, ոստիկանության համակարգչայնացման շատ ցածր մակարդակն է` համարյա բոլոր արխիվները թղթապանակների մեջ են: Հավանաբար այդ պատճառով էլ գործընթացը ձգձգվում է մոտ 2 շաբաթ: Սակայն, կրկնում եմ, հաշվի առնելով, թե նախկինում ինչ իրավիճակ էր, սա կարելի է նույնիսկ հաջողություն համարել:

Ճիշտ է` անցյալ շաբաթվա կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհեց ճանապարհային ոստիկանության աշխատանքներից հենց վարորդական իրավունքների տրամադրման ոլորտում, սակայն հասարակությունն, ընդհանուր առմամբ, պետք է դրական գնահատի համակարգի աշխատանքը: Թեեւ չի բացառվում, որ որոշ բաժիններում փորձեն կրկին վերադառնալ նախկին համակարգին:

Սամվել Ավագյան