Այս տարի գործնականում որեւէ շանս չկա ղարաբաղյան հակամարտությունում առաջընթաց ակնկալելու: Նման կարծիք է հայտնել Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը` «Սեւ այգի. Ադրբեջան եւ Հայաստան` խաղաղության եւ պատերազմի միջեւ» գրքի հեղինակը:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման նախօրեին դե Վաալը նկատել է, թե կողմերից եւ ոչ մեկը պատրաստ չէ փոխել իր դիրքորոշումը համաձայնագրի շուրջ:

Փորձագետի խոսքով, այս տարի միանգամից մի քանի տարեդարձեր են, եւ դրանք ավելացնում են հոռետեսությունը խաղաղ գործընթացի շուրջ: «Ավելին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրներում էլ նախագահական ընտրություններ են կայանալու, եւ քաղաքական վերնախավը զբաղված է լինելու այդ գործընթացներով»,- դե Վաալին մեջբերել է ադրբեջանական Trend գործակալությունը:

«Դա նշանակում է, որ 2012-ը լինելու է տարի, եբր միջնորդները ակնկալելու են կառավարել հակամարտությունը, բայց ոչ` լուծել այն»,- ասել է դե Վաալը:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի 10-րդ եռակողմ հանդիպումը կայանալու է հունվարի 23-ին, Սոչիում: Հանդիպումը կայանում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: