55-57 մարդուց բաղկացած հայաստանցիների խումբը, որը վրացական սահմանային անցակետից ուղեւորվել էր Հայաստան եւ հունվարի 19-ից, ի վիճակի չլինելով շարունակել ճանապարհը, կանգ էր առել Ստեփանցմինդա բնակավայրում, այսօր երեկոյան կարող է անցնել վրաց-հայկական սահմանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԱԳՆ-ի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Բալայանը, հղում անելով վրացական կողմին, հայտնել է, որ երեկվանից ճանապարհի նշված հատվածում մաքրման աշխատանքներ են տարվում ծանր տեխնիկայի կիրառմամբ, եւ արդեն այսօր` օրվա երկրորդ կեսին, Հայաստանի քաղաքացիները կարող են շարունակել իրենց ճանապարհը դեպի տուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացիները 4 միկրոավտոբուսով եւ մեքենաներով Ռուսաստանի կողմից վրացական սահմանն անցնելուց հետո հասել են Ստեփանցմինդա, սակայն չեն կարողացել շարունակել ճանապարհը, քանի որ Վրաստանի իշխանությունները օդերեւութաբանական կանխատեսումներից ելնելով փակել էին ճանապարհի այդ հատվածը:
Սպառնացող ձնաբքի պատճառով Վրաստանի իշխանությունները ճանապարհի մաքրման աշխատանքները չէին ձեռնարկել:
Ի դեպ, Հայաստանի համապատասխան մարմինները բազմիցս զգուշացրել են Հայաստանի քաղաքացիներին ձմռան ընթացքում չերթեւեկել հատկապես Կազբեգի-Վերին Լարս ճանապարհի տվյալ հատվածով: Նման հայտարարություններն անուշադրության մատնելը մեր քաղաքացիների համար ստեղծում են բարդ իրավիճակներ:



























