Իրաքի իշխանությունները փակել են Սադամ Հույսենի դամբարանը, որ կառուցված էր Թիքրիթ քաղաքի մոտ, Օջա գյուղում:
Գյուղի բնակիչները պատմել են, որ հունվարի 22-ի կեսօրին Օջա են ժամանել հատուկ բրիգադի գրոհայինները, որոնք ենթարկվում են անձամբ վարչապետ Նուրի ալ-Մալիքիին, եւ փակել են դամբարանը:
Կառույցը սարքել էին Հուսեյնի գերեզմանի վրա, նրա հարազատների միջոցներով: Այնտեղ թաղված են նաեւ նրա երկու որդիները` Ուդեյն ու Քուսեյը, նաեւ թոռը` Մուստաֆան, որոնք սպանվել են 2003թ.:
Շինարարությունից հետո դամբարանը ուխտատեղի էր դարձել: Հուսեյնի կողմնակիցներն այցելում են այնտեղ նրա ծննդյան, մահապտժի եւ Բաաս կուսակցության հիմնադրման օրերին: Դամբարանի մոտ թանգարան էր կառուցվել, որտեղ ներկայացված են լուսանկարները, գրքեր եւ նվերներ:
Տեղացիների խոսքով, լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար Բաղդադը փակում էր աչքերը: Սակայն, երբ գործը հասավ դամբարանն ընդլայնելու համար օտարերկրյա ընկերության հետ պայմանագիր կնքելուն եւ մերձակայքում դպրոց կառուցելուն, իշխանությունների համբերության բաժակը լցվեց:
Նշենք, որ Սադամ Հուսեյնը ձերբակալվել էր 2003թ.: Իրաքի նախկին նախագահին մեղադրանք էր ներկայացվել Ադ-Դուջեյլ գյուղի 148 բնակիչներին 1982թ. սպանելու համար:




























