Իրաքի արտգործնախարարության կայքում հրապարակվել է հայտարարություն, որում քննադատության են ենթարկվել Իրաքի ներքին գործերին միջամտելու փորձ անող հարեւան երկրները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե տարեսզբից ի վեր հարեւան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատում են միջամտել Իրաքի ներքին գործերին եւ չեն հարգում Իրաքի անկախությունը։ «Այդ պատճառով Իրաքը հարեւան երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, Իրանին եւ արաբական երկրներին կոչ է անում հարգել Իրաքի անկախությունը»,-նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ նախորդ շաբաթ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին խիստ քննադատել էր Թուրքիային։ «Վերջին շրջանում հասկացանք, որ Թուրքիան հայտարարությունների միջոցով փորձում է միջամտել Իրաքի ներքին գործերին, ինչը մենք թույլ չենք տա: Թուրքիան մի դեր է ստանձնել, որը տարածաշրջանի համար փորձանք եւ ներքին պատերազմ է բերելու: Սակայն արդյունքում Թուրքիան է տուժելու, քանի որ այնտեղ մի շարք էթնիկ խմբեր են ապրում»,-ասել է Իրաքի վարչապետը:




























