Նիգերիայում ձերբակալել են Կանո քաղաքում ահաբեկչություններին մասնակից մի քանի կասկածյալների: Ահաբեկչությունների հետեւանքով մեծաթիվ զոհեր են եղել:
Երկրի նախագահ Գուդլաք Ջիոնաթանը լրագրողներին պատմել է, որ որոնման աշխատանքներ են տարվում պայթյունների մյուս կազմակերպիչներին գտնելու նպատակով, որոնց թիկունքում կանգնած է «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորումը, հայտնում է BBC News-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ի երեկոյան, մահմեդական աղոթքից հետո, երկրի հյուսիսում գտնվող քաղաքում շուրջ 20 պայթյուններ էին տեղի ունեցել, այդ թվում նաեւ ոստիկանական բաժանմունքի եւ միգրացիոն ծառայության շենքերի մոտակայքում: Ըստ վերջին տվյալների`ահաբեկչությունների զոհ է դարձել առնվազն 178 մարդ: Կանո քաղաքում, որի բնակչությունը գերազանցում է 9 միլիոնը, պարետային ժամ են սահմանել:
«Բոկո հարամ» խմբավորումը (բառացիորեն «Արեւմտյան կրթությունը մեղք է»), որն ըստ իշխանությունների պատասխանատու է պայթյունների համար, ձգտում է բանտից ազատ արձակել համախոհներին:




























