Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցություններ են վարում:

Հանդիպումն ընթանում է Սոչիի մերձակա Կրասնայա Պոլյանայում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սոչի են մեկնել Ռուսաստանի առաջնորդի հրավերով:

Սա 2008 թվականից ի վեր արդեն տասներորդ եռակողմ հանդիպումն է:

Կրեմլում նշում են, որ ղարաբաղյան հարցի խաղաղ ճանապարհով բարեհաջող լուծումը տարածաշրջանում Ռուսաստանի շահերի առաջնահերթություններից է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցությունների կրկին անցկացման ցանկություն էին հայտնել 2011թ. դեկտեմբերին:

2008 թվականից սկսած արդեն ինը եռակողմ հանդիպում է անցկացվել: 2011թ. կողմերը երկու անգամ են հանդիպել` մարտի 5-ին Սոչիում եւ հունիսի 24-ին Կազանում:

Կազանի գագաթաժողովում կողմերին հաջողվել է սերտացնել ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների վիճելի հարցերը: Փաստաթուղթ, որի հիմքով պետք է մշակել խաղաղ համաձայնագիրը:

Մասնավորապես, վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների թվում, ներկայիս բանակցությունների շրջանակում, առաջարկվում է վերսկսել երկխոսությունը երկու երկրների մտավորականության, գիտական եւ հասարակական օղակների միջեւ:

Ինչպես ընդգծվում է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում,  «ժողովրդական դիվանագիտության» գաղափարն արդեն ստացել է իր գործնական իրագործումը, երբ  2007թ. հունիսին եւ  2009թ. հուլիսին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի  դեսպանների նախաձեռնությամբ մեկ պատվիրակության կազմում Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական ներկայացուցիչներն ուղեւորվեցին Լեռնային Ղարաբաղ, Երեւան եւ Բաքու:

Միեւնույն ժամանակ, փորձագետների ճնշող մեծամասնությունը պնդում էր, որ կազանյան հանդիպմանը Կրեմլի ակնկալած առաջընթացը տեղի չէր  ունեցել: