Ջիլիո կղզի ուղեւորվող զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է: Հենց այս կղզու մոտակայքում նավաբեկության էր ենթարկվել «Կոստա Կոնկորդիան»: Զբոսաշրջիկները հատուկ այստեղ են գալիս կողքի շրջված նավը նկարելու համար:

Ինչպես հայտնում է AFP-ն, զբոսաշրջիկները բառացիորեն հեղեղել են Ջիլյոն: Ըստ Ջիլյո կղզու զբոսաշրջության պատասխանատու Սամանտա Բրիցի` մարդիկ Իտալիայից ընդամենը մեկ օրով գալիս են Ջիլիո, նույնիսկ փոքր երեխաների հետ:

Ջիլիո եկած Դանիլո Ռոսիի խոսքերի համաձայն` ինքը ցանկացել է ամեն ինչ իր աչքերով տեսնել, քանի որ «չի կարողանում դեռեւս ուշքի գալ կատարված սարսափելի ողբերգությունից»: Զբոսաշրջիկները փորձում են նաեւ լրագրողներից իմանալ ողբերգության բոլոր հնարավոր մանրամասները: Ժամանել է նույնիսկ մի ամբողջ դասարան ուսուցչուհու հետ` տեսնելու այն հյուրանոցը, որտեղ թաքնվել է նավապետը:

Իր հերթին Ջիլիոյի քաղաքապետ Սերջիո Օրտելին բողոքում է, որ այսուհետ հիանալի կղզին հասարակության գիտակցության մեջ կնույնացվի տեղի ունեցած ողբերգության հետ:

Ընդ որում` հանելուկը նրանում է, որ «Կոստա Կոնկորդիայի» նավաբեկությունից հետո նավով շրջագայությունների պահանջարկն աճել է:  Պետերբուրգյան խոշոր տուրիստական գործակաալություններից մեկի աշխատակից Օլգա Սմիչկովսկայան «Ռոսբալտին» հայտնել է, որ 3 օրվա ընթացքում իրենք իրականացրել են 2 շաբաթվա վաճառքի պլանը:

«Զբոսաշրջիկի տրամաբանությունն այստեղ շատ պարզ է. ականը 2 անգամ չի պայթում: Այդ դեպքում ինչո՞ւ չօգտվել զեղչերից եւ չգնալ հանգստանալու», - կարծում են մասնագետները:

Բանն այն է, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի սեփականատեր ընկերությունն ուղեւորներին առաջարկել է 30 տոկոս զեղչ հետագա շրջագայությունների ժամանակ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին, ընկերությունը դա անում է նավաբեկության ենթարկված ուղեւորների վստահությունը շահելու նպատակով, ինչպես նաեւ այդպիսով փորձում է զերծ մնալ դատական հայցերից, որոնց ընդհանուր գումարը կարող է հասնել միլիոնավոր դոլարների:

Ինչպես բրիտանական լրատվամիջոցներին հայտնել են փրկված ուղեւորները, իրենց զեղչեր է առաջարկել զբոսաշրջությամբ զբաղվող աշխարհի ամենախոշոր  նավային ամերիկաբրիտանական Carnival Cruise Lines ընկերությունը:

 «Կոստա կրոչյերե» իտալական ընկերությունը, որին պատկանում էր նավաբեկության ենթարկված նավը,  Carnival-ի ընկերության դուստր ձեռնարկություններից մեկն է: