Հայաստանի Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հունվարի 21-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից ձերբակալված Էդմոնդ Ծատուրյանի փախուստի դեպքին, նշելով, որ դատական կարգադրիչները ձերբակալված անձանց իրենց հսկողության տակ պահելու եւ որեւէ տեղ ուղեկցելու լիազորություն չունեն:
«Մի շարք լրատվամիջոցներով ինֆորմացիա տարածվեց, որ ոստիկանները ձերբակալվածին տարել եւ հանձնել են դատական կարգադրիչներին, որից հետո ձեռնաշղթաներով ձերբակալվածը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի:
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դատական կարգադրիչները ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ, 214-րդ հոդվածներով սահմանված կարգով կալանավորված, ինչպես նաեւ ձերբակալված անձանց իրենց հսկողության տակ պահելու եւ որեւէ տեղ ուղեկցելու լիազորություն չունեն:
Դատարանի վարչական տարածքում կալանավորված կամ ձերբակալված անձանց ուղեկցման համար պատասխանատու են համապատասխան ուղեկցող ստորաբաժանումները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից, հունվարի 21-ին, փախուստի է դիմել ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը:
Ոստիկանության աղբյուրը NEWS.am-ին հայտնել էր, որ ոստիկանները ձերբակալվածին տարել եւ հանձնել են դատարանի կարգադրիչներին, ինչից հետո նրա նկատմամբ ամբողջ պատասխանատվությունը դատարանինն է: Ձերբակալվածը կարգադրիչներին հայտնել է, որ ցանկանում է հոգալ բնական կարիքները։ Կարգադրիչները նրան ուղեկցել են զուգարան, որից հետո ձեռնաշղթաներով կալանավորը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկել է անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ` նրան հայտնաբերելու համար:




























