Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ է նետվել կետ- գրինդների մի խումբ: Այժմ ափին շուրջ 100 կետի փրկելու գործողություններ են իրականացվում: Բայց 20-ից ավելին արդեն զոհվել են:
Փրկարարական տեղական բաժանմունքի ղեկավարի խոսքով` սա ծովային կաթնասունների զանգվածային ինքնասպանության արդեն երրորդ դեպքն է տարեսկզբից ի վեր: Նա նշել է, որ արվում է ամեն հնարավորը նրանց փրկելու համար. Առանց մարդու օգնության, ափ նետված բոլոր կետերը կզոհվեն:
Գիտնականներն առայսօր չեն կարողանում հասկանալ, թե ինչն է կետերին դրդում զանգվածային ինքնասպանության:
Հիշեցնենք, օրերս 60-ից ավելի դելֆիններ նետվել են ամերիկյան Մասաչուսեթս նահանգի լողափ:
Գրինդները կետակերպների շարքին պատկանող ծովային կաթնասուններ են, նրանց երկարությունը հասնում է 8,5 մետրի, նրանք ամբողջությամբ սեւ են` բացառությամբ կզակի տակի սպիտակ խարսխաձեւ մասի: Նրանց միջին քաշը 800 կգ է, սակայն երկու տոննան գերազանցող կետեր էլ են հանդիպում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























