Աղետի ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի ռուս ուղեւորներին մեղադրել են իրենց փրկության համար անձնակազմին կաշառելու մեջ: Բրիտանական Sun թերթի փոխանցմամբ, Իտալիայի իշխանությունները հետաքննում են հայտարարությունները, ըստ որոնց, զբոսանավի վրա գտնվող ՌԴ քաղաքացիները անձնակազմի անդամներին կաշառքներ են տվել, որպեսզի հերթից դուրս հայտնվեն փրկարար նավակներում:
Պարբերականը վկայակոչում է Ջիլիո կղզու բնակչուհիներից մեկի խոսքը, ով պատմել է, որ երբ մոտեցել է ափին մոտեցող փրկարարական նավակներին, հույս ունենալով այնտեղ տեսնել երեխաների, կանանց ու վիրավորների, բոլորովին այլ բան է տեսել` ռուսերեն խոսացող առողջ տղամարդկանց եւ երեկոյան զգեստներով էլեգանտ կանանց:
Այլ ականատեսներ նույնպես քննությանը վկայություն են տվել, որ տեսել են նավաստիներին կաշառող ռուսներին, մինչդեռ «հաշմանդամները ստիպված էին ինքնուրույն իրենց գլխի ճարը տեսնել»:
Հիշեցնենք, որ զբոսանավը խորտակվել էր իտալական Տոսկանայի ափերի մոտ հունվարի 14-ին: Նավի վրա գտնվել էր ավելի քան 4,2 հազ. մարդ: Զոհերի թիվը հասնում է 15-ի, անհայտ կորած է համարվում մոտ 20 մարդ: Որոնողական աշխատանքները շարունակվում են:




























